Բովանդակություն * | Գործակարգավարական նիստ՝ ընդլայնված կազմով Արման Սարիբեկյանի գլխավորությամբ այսօր Անիի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում կայացավ ընդլայնված կազմով գործակարգավարական նիստ։ Հետայսու ամեն երկուշաբթի տեղի ունեցող նիստերին մասնակցելու են նաև համայնքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների և բյուջետային հիմնարկների ղեկավարները։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը նախ ներկայացրեց նախորդ երկու շաբաթվա ընթացքում (համայնքի ղեկավարի արձակուրդի ժամանակահատվածում) կատարված աշխատանքները:Նա նշեց, որ դրանք ընթացել են բնականոն հունով, արտառոց դեպքեր կամ խնդիրներ չեն գրանցվել։ Այնուհետև աշխատակազմի քարտուղար Հարություն Համաբարյանը ներկայացրեց, որ աշխատակազմի աշխատակարգում ևս խնդիրներ չեն արձանագրվել։Դժգոհություն է եղել միայն այս ընթացքում համայնքի մի քանի բնակավայրերում իրականացվող փոսալցման աշխատանքներից։Ասֆալտի որակը չի գոհացրել, թերություններն արձանագրվել են։ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, ի հավելումն սրա, նշեց, որ առավել զգոն և հետևողոկան պետք է շարունակել վերահսկողությունը տարբեր ծրագրերով համայնքում իրականացվող շինաշխատանքների նկատմամբ։ «Պետք է օգտագործել եղանակային բարենպաստ պայմանները՝ աշխատանքները որակյալ ու ժամկետներում ավարտելու համար»,- ասաց Արման Սարիբեկյանը։ Բացի դրանից համապատասխան հանձնաժողովի անդամներին հանձնարարեց հաջորդ երկուշաբթի ունենալ բոլոր ծրագրերով համայնքի շինհրապարակներում ընթացիկ շաբաթում արձանագրված թերությունների ու բացթողումների մասին հստակ տեղեկատվություն։ Համայնքի ղեկավարի կողմից հանձնարարվեց նաեւ կարճ ժամանակում կարգավորել «Անի համալիր մարզադպրոցի» հարակից այգու լուսավորության ու շատրվանների գործարկման հարցը։ Միաժամանակ ենթահիմնարկների տնօրեններին հորդորվեց մաքուր ու բարեկարգ պահել իրենց տնօրինության տակ գտնվող կառույցների հարակից տարածքները։ Անդրադարձ եղավ նաեւ ենթահիմնարկներում գործող աշխատանքային կանոնակարգին։ «Աշխատանքային մթնոլորտը պետք է լինի դրական ու զերծ՝ տարաբնույթ ասեկոսեներից։ Առկա խնդիրները, քողարկելու փոխարեն, պետք է լուծվեն ոլորտային պատասխանատուների գիտությամբ՝ օրենքի սահմաններում,-նշեց համայնքապետը։ «Խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերությունները արտոնյալներ չպետք է ձեւավորեն, ներքին կարգապահությունը պահել բարձր մակարդակի վրա»,- շեշտեց Արման Սարիբեկյանը։ Նիստի ավարտին՝ կրկին հիշեցում․ հետամուտ լինել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին։ Համայնքում իրականացվող ցանկացած աշխատանք ֆինասավորվում է հենց բնակչի վճարած հարկերի գումարից։ |