Մարալիկում պահպանվել են 1903 թվականի Սուրբ Աստվածածին եկեղեցին ՝ վերակառուցված (1898-1903) 5-րդ դարի հինավուրց եկեղեցու հիմքի վրա, 19-րդ դարի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու ավերակները և 19-րդ դարում վերակառուցված Սուրբ Ստեփանոսի վանքը։ Քաղաքի վարչատարածքում կարելի է գտնել բազմաթիվ վաղ և ուշ միջնադարյան շրջանի խաչքարեր։
Մարալիկի կենտրոնական հրապարակում կանգնեցված է Սողոմոն Թեհլերյանի բրոնզե արձանը։
Միջնադարյան Հոգեվանք համալիրը (հիշատակվում է նաև Կարմիր վանք և Ձորագյուղի վանք անվանումներով) գտնվում է Ճարտարապետական և պատմական արժեքավոր հուշարձաններով հարուստ Սառնաղբյուր գյուղից 3 կմ հյուսիս արևմուտք, Մարալիկ տանող ճանապարհի ձախ կողմում: Հոգեվանքի Ս. Կարապետ եկեղեցին, ըստ հյուսիսային մուտքի վերևի արձանագրության՝ կառուցվել է 1205 թ.: Պատկանում է գմբեթավոր սրահ տիպին: Արևելյան կողմում կիսաշրջանաձև ավագ խորանն է, որի երկու կողմերում ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ ավանդատներն են: Ունի երկու մուտք՝ արևմտյան և հյուսիսային կողմերից: Բոլոր ճակատների վրա կան «հայկական խորշեր»: Գլանաձև թմբուկով գմբեթը քանդվել է 1939 թ. երկրաշարժից և նորոգվել է 1980-ական թվականներին: Կառուցված է կարմիր տուֆի սրբատաշ քարերով: Հետագա նորոգումների ժամանակ օգտագործվել են նաև սև ու գորշ տուֆաքարեր:
Եկեղեցու ներսում պահպանված են IV-V դդ. քառակող կոթողների, ինչպես նաև XIII դ. խաչքարերի բազմաթիվ քանդակազարդ, արձանագիր բեկորներ, որոնք ժամանակի ընթացքում հողմահարվել են և դարձել անընթեռնելի:
Քարաբերդ բնակավայրը գտնվում է Մարալիկ քաղաքից 7կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 32կմ հեռավորության վրա: Քարաբերդի վարչական տարածքը 2634,30 հա է, իսկ բնակչությունը` 1147 մարդ: Նախկինում ունեցել է Դաշգալե, Դաշխալե, Կարաբերդ, Տաշկալա անվանումները: Դաշղալան Քարաբերդ է վերանվանվել 1947 թ-ին: Գյուղը գտնվում է ալիքավոր հարթավայրում` ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Ունի բազալտի և ավազի հանքեր, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը կաթնամսատու անասնապահությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։ Քարաբերդն ունի “Ժամ” եկեղեցի (XVIII դար) և “Խաչի բացատ” մատուռ։ Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից։ Գյուղի տարածքում հին մատուռի տեղում՝ 1866 թ-ին կառուցվել է եկեղեցի, որի բակում թաղված է գյուղի հիմնադիր Գևորգ Բրուտյանը։ Շրջակայքում կան հին բերդի ավերակներ։
Երերույքի տաճար վաղ քրիստոնեական կառույցը հիմնվել է 4-5-րդ դարերում: Ըստ որոշ տեղեկությունների տաճարը կառուցվել է հեթանոսական մեհյանի ավերակների վրա: Այն գտնվում է Շիրակի մարզի Ախուրյան գետի ձախ ափին՝ Անիպեմզա գյուղում: Անի մայրաքաղաքից գտնվում է 5 կմ հեռավորության վրա: Երերույքի տաճարն իր ճարտարապետական, կառուցողական հորինվածքով իրապես եզակի կառույց է Հայաստանում: Երերույքի տաճարն արժանացել է բազմաթիվ հայ և օտարազգի մասնագետների ուշադրությանը՝ հնագետների, ճարտարապետների, պատմաբանների: Չնայած այնտեղ կատարված պեղումներին և ուսումնասիրություններին, տաճարը շարունակում է մնալ առեղծվածային և մինչև վերջ չբացահայտված՝ նույնիսկ անվան ծագման հարցում: Ենթադրվում է, որ տաճարը կառուցվել է 5-րդ դարում, և ըստ ճարտարապետական լուծումների, իր մեջ ամփոփում է անտիկ շրջանի ճարտարապետությունը: Մասնագետները պնդում են, որ Երերույքի տաճարը մեզ հայտնի՝ վաղ քրիստոնեական շրջանի, ամենամեծ կառույցն է: Կառուցված է Անիի բաց նարջնագույն տուֆից: Ն. Մառն իր աշխատության մեջ նշում է, որ արձանագրությունների համաձայն, Անիի տուֆով կառույցը կոչվել է Սբ. Կարապետի վկայարան: Այն եռանավ բազիլիկ եկեղեցի է։ Երերույքի տաճարը կանգնված է ընդարձակ բնական ժայռուտ տեղի վրա և աստիճանային լուծումն առաջին հերթին նպատակ էր հետապնդում ուղղելու տեղի անկանոնությունները: Աստիճաներն ամբողջովին կառուցված են եղել մշակված մեծ քարերից, որոնք ժամանակի ընթացքում ավերվել են կամ ծառայել որպես շինարարական նյութ տեղացիների համար: Սյունազարդ սրահների մասին են վկայում միայն սյուների ավերված բեկորները, իսկ ամբողջ ծածկից ոչինիչ չի մնացել: Խարիսխներն ու խոյակները քանդակազարդ են , ինչպես բնորոշ էր 5–րդ դարի ճարտարապետությանը: Տաճարն ունի երեք մուտք, որոնք աստիճանների շարունակությունն են: Երկու մուտքերը գտնվում են հարավային կողմում, իսկ մյուսը՝ արևմտյան: Տաճարի հարավային կողմն իր գեղարվեստական գեղեցկությամբ տարբերվում է տաճարի մյուս ճակատներից: Այն տպավորիչ է իր երկու քանդակազարդ դռների շնորհիվ, որոնք հիմա հազիվ կանգուն են մնացել: Արևմտյան կողմն ունի երկու ոչ այնքան մեծ սենյակներ, որոնք նույնպես կիսավեր են: Անմխիթար է արևելյան կողմի խորանի վիճակը, որը ներսից ու դրսից ավերված է:
Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղը հայտնի է իր ուխտավայրով` Զաղա կամ Սբ. Գրիգոր Լուսավորչի ճգնարանով, որը գտնվում է ժայռի մեջ, պաշտոնական անունն Անձավաջուր է: Ուխտավայրը ներքուստ եռամաս է: Մուտքից բացվում է աղոթասրահը, որից աջ մշտահոս ջրավազանն է:Ասում են, որ ջուրը բուժիչ է: Ըստ ավանդության` այդ քարայրում որոշ ժամանակ ճգնել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ աղբյուրի ջուրն ուժ է տվել նրան։ Չնայած նրան, որ աղբյուրը գրեթե ոչնչով պաշտպանված չէ արտաքին ազդեցությունից, քարայրի ներսում` ջրավազանի հատվածում,ջերմաստիճանը կազմում է շուրջ +10 աստիճան ըստ Ցելսիուսի, ընդ որում թե’ ձմռանը, թե’ ամռանը․միկրոկլիման նախանձելիորեն կայուն է։ Սրբավայրի ներսում կան 200-ի հասնող սրբապատկերներ, խաչքարեր, հոգևոր գրքեր, որոնք ուխտավորները բերել են տարբեր ժամանակներում։ Քարանձավի ներքին պատերին պահպանվել են արձանագրություններ։ Ժամանակի ընթացքում քարանձավն ընդարձակվել է, և ժայռերի մեջ խաչեր են փորագրվել։ Ըստ հետազոտողների՝ հեթանոսական ժամանակներում քարանձավը եղել է ջրի պաշտամունքի վայր, այնուհետև սրբավայր է դարձել և պահպանվել է քրիստոնեական շրջանից մինչև մեր օրերը։
Բագրավան, գյուղական համայնք Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 40 կմ հարավ-արևմուտք։ Այն իր մեջ ընդգրկում է Նորշեն և Բագրավան բնակավայրերը։ Հնում կոչվել է Բուղդաշեն (բուղդա՝ հաց և շեն արմատներից)։ 1980 թ․ դրությամբ զբաղվել է հացահատիկի մշակությամբ, մեղվաբուծությամբ։ Բագրավանը հիմնել են նույն շրջանի Շիրակավան գյուղից եկած բնակիչները, 1894 թվականին։
Ըստ տոհմագրական տվյալների` Ձիթհանքով գյուղը հիմնադրել է 1793-1795 թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի և Կարսի գավառներից գաղթած ընտանիքների կողմից: Ձիթհանքովի վարչական տարածքը 2577,06 հա է, իսկ բնակչությունը` 1459 մարդ: Այն գտնվում է Մարալիկից 15 կմ հեռավորության վրա: Այդ տեղում ներկայումս կանգնեցված է հուշարձան խաչքար: Ըստ հայտնաբերված հնագիտական հուշարձանների տեղագրության` տեղանքը բնակեցված է եղել դեռևս վաղ բրոնզե դարում: Բնակավայրի տարածքում պահպանվել են պատմամշակութային տասնյակ արժեքներ: Բնակավայրի հիմնադրումից ի վեր բնակչության հիմնական զբաղմունքը եղել և մնում է հողագործությունն ու անասնապահությունը: Առանձին տնտեսություններ զբաղվում են թռչնաբուծությամբ, մեղվապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: 1850- ական թվականներին գյուղում կառուցվում է ձիթհանք, որտեղեց հանված կտավատի ձեթը մեծ համբավ ու ճանաչում է ունեցել տարածաշրջանում: Այդ ճանաչումն է պատճառ հանդիսացել բնակավայրի «Ձիթհանքով» վերանվանման համար: Պահպանվել են Ձիթհանքովի Սուրբ Աստվածածին եկեղեցին (կաթոլիկ, XIX դար) և Սբ. Խաչ (X-XX դարեր) եկեղեցին։
Համայնքի ներկայիս անվանումը – Ձորակապ: Համայնքի պատմական անվանումներն են Պողազքեսեն, Բողասքյասան, որը նշանակում է Ձորաբերան կամ Ձորի նեղ բերան: Ձորակապ գյուղը հիմնադրվել է 1827-1829 թվականներին Արևմտյան Հայաստանի Բասենի և Կարսի գավառներից գաղթած ընտանիքների կողմից: Ձորակապ գյուղը արևելյան մասով սահմանակից է Պեմզաշենին և Լեռնակերտին, հյուսիսային մասով Մարալիկ քաղաքին, իսկ հարավային մասով՝ Սառնաղբյուր և Լանջիկ գյուղերին: Ձորակապի վարչական տարածքը կազմում է 1415,70 հա, իսկ բնակչությունը` 1262 մարդ: Համայնքի կենտրոնից գտնվում է 2 կմ հեռավորության վրա: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ձորակապում պահպանվել են բնակատեղիների հետքեր, VII-XIV դարերի գերեզմանոցներ, Սբ. Աստվածածին եկեղեցին (1869 թ.) և «Հալիվորպապ» մատուռը։
Լանջիկ բնակավայրը գտնվում է համայնքի կենտրոնից 14 կմ հեռավորության վրա: Վարչական տարածքը կազմում է 1499,55 հա, իսկ բնակչությունը՝ 942 մարդ: Նախկինում ունեցել է Մուսլուխլի, Մուսլուղլու, Մուսուխլը, Մուսուղլի անվանումները: Լանջիկ է վերանվանվել 1947 թ-ին: Տեղադրված է Գյումրի-Թալին ավտոմայրուղու աջ կողմում: Գյուղը տեղադրված է բլրապատ հարթավայրում` ծովի մակարդակից 1960 մ բարձրության վրա: Մթնոլորտային տեղումները սակավ են: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները: Գյուղն ունի եկեղեցի, իսկ շրջակայքում կան գյուղատեղիի ավերակներ, գերեզմաններ: Բնակչության նախնիների մի մասը 1828-1830թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի, Մուշի շրջաններից: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ: Լանջիկում կա Սբ. Աստվածածին եկեղեցի և Սբ. Խաչ մատուռ։
Հայկաձոր բնակավայրը նախկինում ունեցել է Կարմիր վանք, Կզըլքիլիսա Մեծ, Ղզըլքիլիսա, Ղուշավանք անվանումները: Հայկաձոր է վերանվանվել 1950 թ-ին: Տեղադրված է Գյումրի-Երևան ավտոմայրուղու ձախ կողմում: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ: Հայկաձոր բնակավայրը համայնքի կենտրոնից գտնվում է 44 կմ հեռավորության վրա: Հայկաձորի վարչական տարածքը կազմում է 3019,01 հա, իսկ բնակչությունը՝ 515 մարդ: Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ կողմում, հարթավայրում` ծովի մակարդակից 1450մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղի շրջակայքում կան սև և սպիտակ ավունտուֆի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: Նախկին գյուղը տեղադրված է այժմյանից 300-400մ հարավ արևմուտք: Գյուղում պահպանվել է Սարգիս եպիսկոպոսի կառուցած սբ. Գրիգոր Լուսավորի չեկեղեցին (985 թ), որը վերանորոգվել է 13-րդ դարում և հիշատակվում է նաև իբրև վանք: Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի և Մանազկերտի շրջաններից 1829-1830թթ: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ): Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Հայկաձոր գյուղում հայտնաբերված հին քարի դարի բացօթյա կայանը, որտեղ գտնվել է վանակատե գործիքներ, ապացույց է այն բանի որ Անին եղել է հասարակական կյանքի կազմավորման օրրաններից մեկը։
Բարձրաշեն բնակավայրը գտնվում է Իսահակյան գյուղից 4 կմ հարավ-արևմուտք։ Բնակիչների նախնիները գաղթել են 1860 թվականին Արցախից, 1915-1920 թվականներին Մուշից ու Բուլանըխից։ Բարձրաշեն բնակավայրը համայնքի կենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա: Բարձրաշեն բնակավայրում փաստացի բնակվում են 4 ընտանիք՝ 9 բնակչով, որոնք հաշվառված են Մարալիկ քաղաքում: Բնակչությունը զբաղվել է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։ Գյուղի տարածքում կան սև կարծրտուֆի և կրաքարի պաշարներ։ Պահպանվել են Սբ. Աստվածածին եկեղեցին (V դար) և Պողոս-Պետրոս մենաստանը (X-XIII դարեր), որը կիսականգուն է։ Կան հին բնակավայրի ավերակներ։
Նորշեն բնակավայրը գտնվում է Բագրավանից 7 կմ հարավ արևմուտք, Ախուրյանի ձախ ափին, պատմական Անի մայրաքաղաքի դիմաց։ Հիմնադրվելուց հետո գյուղը ստացել է Նոր գյուղ անունը, որը թուրքերի կողմից ուղիղ թարգմանությամբ կոչվել է Ենիքեյ: Նիկողայոս Մառը հիշատակում է բնակավայրի Էնիկեյ և Խարկով անվանումները: Խարկով անվանումը առաջացել է հայերեն «խարկվել» բառից և փոփոխվելով դարձել է Խարկով: Խարկովը Նորշեն է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին: Գյուղի տեղանքը լեռնային է։ Գյուղի հարակից տարածքը հարուստ է քարհանքերով։ Ամռանը կլիման շոգ է, կիզիչ։ Գյուղը հիմնել են 1894 թվականին Շիրակավանից եկածները։ Մինչ բնակավայրի հիմնադրումը նրա տարածքում եղել են ամառանոցներ։ Նորշենի դիմաց, Ախուրյանի աջ ափին, փռված են Անիի ավերակները։ Գյուղից հարավ արևմուտք, Անի տանող ճանապարհից 500 մ հարավ, ինչպես նաև գյուղի հարավ արևելյան և հյուսիս արևելյան կողմերում կան մ.թ.ա. III-I հազարամյակների դամբարանադաշտեր։ Իսկ գյուղից 300 մ դեպի հյուսիս արևելք և հարավ արևմտյան կողմերում կան IX-XVI դդ. և XVII-XX դդ. գյուղատեղիներ, որոնց շրջակայքում, ինչպես նաև Ախուրյան գետի ձախ ափին` քարհանքի մոտ, պահպանվել են VII-XVII դդ. գերեզմանոցներ, որտեղ առկա են XIII-XIV դդ. խաչքարեր։ Ախուրյան գետի ափին պահպանվել է XI-XII դդ. կամուրջի ձախափնյա խելը։ Իսկ գյուղի հարավ արևմտյան մասում` գերեզմանոցից հարավ, գտնվում է IX-XIV դդ. քարայր-կացարանների համալիրը։ 1970-ականներին Խարկովը միավորելե ն Բագրավանին և ստեղծել մեկ գյուղական միավոր։ Խարկովըվերջնականապեսլքվելէ 2009-2010 թվականներին։Նորշեն բնակավայրում փաստացի ներկայումս բնակվում է մեկ ընտանիք՝ երկու բնակչով, որոնք հաշվառված են Բագրավան բնակավայրում: Բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղի տնտեսության մաս է կազմում քարհանքերի շահագործումը:
Լուսաղբյուր, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 22 կմ հարավ-արևմուտք։ Ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա։ Գյուղը հիմնադրվել է 1826-1829 թվականներին Արևմտյան Հայաստանի Մուշի և Բասենի գավառներից տեղահանված գաղթականների կողմից։ Առաջինը գյուղ է եկել Նավասարդ անունով մի մարդ իր ընտանիքով, որը եղել է ներկայիս Համբարյանների նախապապը։ Այնուհետև եկել են Յուզբաշոնք՝ ներկայիս Աղանիկյաններն ու Սմբատյաններն են։ 1915 թվականի եղեռնից հետո 1917 թվականից 1918 թվականին Մուշի Խարս գյուղից արտագաղթածները համալրել են գյուղի բնակչությունը, նրանց թվում այդ տարիներին արտագաղթել են նաև երջանկահիշատակ՝ Անդրանիկ Մարգարյանի պապերը։
1920-ական թվականներին գյուղն ունեցել է ավելի քան 300 տնտեսություն։ Գյուղը ունեցել է եկեղեցի, որը կառուցվել է 1860 թվականին։ 1925-1926 թվականներին գյուղում գործել են տնային դպրոցներ։ Այնուհետև գործել է տարրական դպրոց, մինչև 4-րդ դասարան։ 1939- 1940 թվականներին կառուցվել է Լուսաղբյուրի յոթնամյա դպրոցը։ Գյուղի բնակչությունն այդ տարիներին հիմնականում զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և այգեգործությամբ։ Գյուղում մշակել են մոտ 9 հա բանջարանոց, գործել է 2 ջրաղաց՝ Անդիկի և Համբոյենց ջրաղացը։ Մոտ 165 տարի առաջ գյուղում կառուցվել է 2 ձիթհանք։ Շինարարության համար փայտը բերել են սայլերով, Սարիղամիշից։ Համբոյենց ձիթհանքը գործել է մինչև 1973 թվականը։ Կոլտնտեսության տարիներին զբաղվել են նաև խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ։ Այդ տարիներին գյուղում գործել է ակումբ, գրադարան, մանկապարտեզ։ Մինչև 1960-ական թվականները գործել է նաև ստացիոնար հիվանդանոց- ծննդատուն։ Համայնքի տարածքով է անցնում Երևան –Թբիլիսի երկաթգիծը և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը։ Հեռավորությունը մարզկենտրոնից 20 կմ է։ Հիմա գյուղն ունի միջնակարգ դպրոց՝ 182 աշակերտական տեղով, որը կառուցվել է 1990 թվականին և կատարվել է հիմնական վերանորոգում 2005 թվականին։ Կա մանկապարտեզ 50 երեխայի համար, որը ներկայումս չի գործում, ունի վերանորոգման կարիք։ Գյուղն ունի գրադարան 7463 կտոր գրքով, որը ևս ունի վերանորոգման կարիք։
Անի համայնքի Աղին գյուղը հիմնադրվել է 1872 թվականին: Գյուղի բնակիչները գաղթել են Արևմտյան Հայաստանից, հիմնականում Ղարսից և Մուշից: Ըստ պատմական տեղեկությունների գյուղը կոչվել է Աղին, քանի որ գյուղում է ապրել տարածքի հարկահավաքը, որին անվանել են աղա և ժողովուրդը հարկեր տալուց հարցրել են ում եք տալիս հարկերը, ասելեն՝ աղին, և այդպես անվանվել է Աղին: Գյուղը հիմնադրվել է 1872 թվին, Ախուրյանի ջրամբարի կառուցմամբ, 1985-90-ական թվականից սկսած գյուղը մասամբ տեղափոխվել է նոր կառուցված բնակավայր, որի արդյունքում գյուղը բաժանվեց 4 կառուցապատ մասերի: Գյուղի հարևանությամբ է անցնում Գյումրի-Երևան երկաթգիծը, ունի երկաթուղային կայարան: Կայարանը հիմնադրվել է 1926 թ-ին և կոչվում է <<Աղին>> կայարան: Գյուղում կա 1878 թվականին կառուցված <<Սուրբ Հակոբ>> եկեղեցին: 1934 թ-ից գյուղն ունեցել է հիվանդանոց, 1998 թվականին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից գյուղում կառուցվել է նոր առողջության կենտրոն 15 մահճակալով և ունի ծնունդ օգնության բաժանմունք: Գյուղի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1938 թվականին, որտեղ այժմ սովորում է 52 աշակերտ: Խորհրդային տարիներին գյուղն ունեցել է կոլտնտեսություն, որը շրջանում համարվել է առաջատարներից մեկը: Մինչև 2-րդ Համաշխարհայի պատերազմը գյուղը հանդիսացել է Անիի շրջանի շրջկենտրոնը: Գյուղը գտնվում է Շիրակի մարզի հարավ-արևմտյան մասում, Ախուրյան գետի /այժմ Ախուրյան ջրամբարի/ ձախ ափին: Բնակավայրի վարչական տարածքը կազմում է 1794.2 հա, իսկ բնակչությունը` 548 մարդ: Գյուղի հեռավորությունը Երևանից` 120 կմ է, Գյումրիից` 28, իսկ համայնքային կենտրոն Մարալիկ քաղաքից 32կմ: Ռելիեֆը խայտաբղետ է, տեղումները՝ սակավ: Գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները անբարենպաստ: Բնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարությունն ու անասնապահությունն է, առանձին տնտեսություններ զբաղվում են մեղվապահությամբ:
Գուսանագյուղ, գյուղ Անիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա։ Գուսանագյուղը, որն ըստ Ալիշանի , կոչվում է <<Գափուլ>>ի(Կափըլի, Ղափլի) հիմնադրվել է 1830-ական թվականներին՝ Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։ Գուսանագյուղ է վերանվանվել 1977թ․-ին։ Գուսանագյուղի սահմաններում պահպանվել են նախնադարյան, նախաքրիստոնեական և քրիստոնեական շրջաններին պատկանող հուշարձաններ։ Հնագիտական ուսումնասիրություններն ապացուցել են, որ գյուղը հնում եղել է մեծ ավան։ Գուսանագյուղը եղել է նաև հայտնի իշխանանիստ վայր, որի ապացույցն է գյուղի մեջ պահպանված X-XII դդ․ ամրոց-դղյակը, որին գյուղացիները անվանում են <<Ղուլա>> ։ Այսպիսի ամրոց-բնակարանները սովորաբար կառուցում էին տեղի իշխանները։
Շիրակավան՝ գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 20 կմ հարավ-արևմուտք, Երևան-Գյումրի երկաթուղու ձախ կողմում։ Մարալիկ քաղաքից գտնվում է 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Նոր գյուղը հիմնադրվել է 1976 թվականին՝ Ախուրյանի ջրամբարի տարածքում մնացած նախկին Շիրակավան գյուղը ապաբնակեցնելուց հետո։ Նախկին գյուղը, որը գտնվել է Ախուրյան ջարմբարի ներկայիս տարածքում, պաշտոնապես ստացել է Շիրակավան անվանումը 1950 թվականին, որից առաջ ունեցել է բազմաթիվ այլ անվանումներ։
Ջրափի, գյուղ Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա։Նախկինում ունեցել է Չըռփլի, Չորթուլի, Ջրարփի, Քյորփիլու, Կեկաչ, Դեղաճ անվանումները։ Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով Ջրափի գյուղը ստեղծվել է 1974 թ-ին Ներքին և Վերին Ջրափի գյուղերի ապաբնակեցվելուց հետո։ Ջրափի է վերանվանվել 1947 թ-ին։ Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա սարահարթում՝ ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա։ Ջրափիի վարչական տարածքը կազմում է 2578,69 հա, իսկ բնակչությունը` 828 մարդ: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են 1988 թվականի երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Գյուղի շրջակայքում կան սբ. Սարգիս, սբ. Գրիգոր, սբ. Աստվածածին եկեղեցիները: Ջրափիի իջևանատուն, իջևանատան ավերակ շենք Շիրակի մարզի Ջրափի գյուղում։ Ջրափիի քարավանատունը իսկզբանե տեղակայված է եղել ներկայիս Ախուրյան գետի կամրջի մոտակայքում։ Քարավանատունը կառուցվել է հիմնականում օտարերկրացիների համար։
Հասցե՝ ք․ ՄԱՐԱԼԻԿ
Հեռ․ 094-70-80-70
Facebook
Location on Google Maps
YouTube