Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
22/04/2015
Սողոմոն Թեհլերյանի բրոնզաձույլ արձանը կանգնեցվեց Մարալիկում

Սողոմոն Թեհլերյանի արձանի տեղադրումը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում որոշվել էր դեռ ամիսներ առաջ: Դա ծնունդով մարալիկցի, Սանկտ Պետերբուրգում շուրջ 20 տարի բնակվող բարերար Յուրա Հովհաննիսյանի ցանկությունն էր, որ պիտի իրականություն դարձներ գյումրեցի քանդակագործ Սամվել Պետրոսյանը: Վերջինս մտահղացել էր Սողոմոն Թեհլերյանին պատկերել ատրճանակը ձեռքին, իսկ ոտքի տակ Թալիաթ փաշայի գլուխը: Այն պիտի սիմվոլիկ դիմակի տեսքով լիներ:

Քանդակագործի այդօրինակ որոշումը (Թալիաթի կտրված գլուխը վրիժառուի ոտքի տակ.-հեղ.) դուր չէր եկել Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանին, ով մտավախություն էր հայտնել, թե գուցե նման լուծումը հակասի մեր երկրի պետական քաղաքականությանը: Հարցի կարգավորման նպատակով Սանկտ Պետերբուրգից ծննդավայր էր հասել բարերարը: Համատեղ քննարկումների արդյունքում որոշվել էր արձանը ձուլել առանց Թալիաթի կտրված գլխի:

Սողոմոն Թեհլերյանի 4 մետրանոց բրոնզաձույլ արձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր: Բացմանը մասնակցում էին քաղաքի բնակիչներ, քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ: Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը նկատեց, որ Սողոմոն Թեհլերյանի արձանը մինչեւ այս պահը կանգնեցված է եղել երեք վայրերում՝ Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում եւ Երեւանում:

Մարալիկը կլինի 4-րդ բնակավայրը եւ մենք շատ հպարտ ենք, որ հենց մեր քաղաքում որոշվեց ունենալ հայ վրիժառուի արձանը»,-նկատեց քաղաքապետը:

«Իմ ցանկությունն է եղել, որ մեր ազգի հերոսի արձանը լինի հենց իմ ծննդավայրում: Տարբեր տեղեր ասենք կա Սողոմոն Թեհլերյանի կիսանդրին կամ դիմաքանդակը: Ես ուզեցի, որ անպայման արձանը լինի»,-նշեց բարերարը՝ Յուրա Հովհաննիսյանը:

Արձանի բացման պատիվը վերապահվեց բարերարի ընտանիքի անդամներին եւ Մարալիկի քաղաքապետին: Մարալիկի ավագանու կողմից  Յուրա Հովհաննիսյանին շնորհվեց Մարալիկ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Շնորհակալագրով պարգեւատրվեց քանդակագործ Սամվել Պետրոսյանը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն եւս անմասն չմնաց եւ պարգեւատրվեց քաղաքապետի մեդալով:

«Սողոմոն Թեհլերյան» հայրենասիրական հկ նախագահ Ռազմիկ Դարբինյանն, ով մասնակցում էր միջոցառմանը, Մարալիկի քաղաքապետին, բարերար Յուրա Հովհաննիսյանին եւ քանդակագործ Սամվել Պետրոսյանին նվիրեց Թեհլերյանի մասին պատմող երկհատորյակից մեկական օրինակ:

Քանդակագործ Սամվել Պետրոսյանը չցանկացավ անդրադառնալ արձանի կոմպոզիցիոն փոփոխություններին եւ իր նախնական մտահղացումը մեկ այլ տարբերակով փոխարինելուն:

 «Ի վերջո կարեւոր չէ, թե գետնին ինչ ընկած կլինի,-նշեց քանդակագործը,-ես չէի ուզենա շատ խոսել իմ մասին, թող իմ փոխարեն խոսի իմ ստեղծագործությունը»:

http://hetq.am/arm/news/59818/soxomon-tehleryani-bronzadzuyl-ardzany-kangnecvec-maralikum.html
http://hetq.am/arm/news/59818/soxomon-tehleryani-bronzadzuyl-ardzany-kangnecvec-maralikum.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner